Վրաստանում կարմրուկի համաճարակից երկու մարդ է մահացել: Վրաստանի հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ կարմրուկից մահացել են 11 ամսական մի աղջիկ եւ 19-ամյա երիտասարդ: Նա ընդգծել է, որ կարմրուկը նպաստել է այդ մարդկանց մոտ առկա խրոնիկ հիվանդությունների զարգացմանը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Կենտրոնի տվյալներով՝ այս տարի Վրաստանում արդեն արձանագրվել է կարմրուկի 500 դեպք, որոնցից 400-ը՝ Թբիլիսիում: Բժիշկները հայտարարում են, որ կարմրուկի համաճարակը պայմանավորված է 2004-2005 թվականներին այդ հիվանդության դեմ պատվաստումների ձախողման հետ: Պետությունն իր վրա է վերցրել անվճար պատվաստման գործընթացը, որը պարտադիր պետք է անցնեն 6-30 տարեկան բոլոր քաղաքացիները:



























