Վրաստանի՝ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր Միացյալ Նահանգները երկրին հատկացրել է ավելի քան 6,2 միլիարդ դոլարի տնտեսական և ռազմական օգնություն։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ ավելի քան երեք տասնամյակ Վաշինգտոնն աջակցել է Վրաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև համագործակցել Թբիլիսիի հետ պաշտպանության, անվտանգության, առևտրի, էներգետիկայի և մշակութային փոխանակումների ոլորտներում։

Երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնումը նաև հնարավորություն է տվել ավելի քան 600 միլիոն դոլարի պաշտպանական նշանակության արտադրանքի վաճառքի գործարքներ կնքել։

Երկար տարիներ երկկողմ հարաբերությունների հիմքում եղել է 2009 թվականին ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում էր համագործակցության զարգացում իրականացնել անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում։

2024 թվականի հուլիսին Վաշինգտոնը կասեցրել է Թբիլիսիին տրամադրվող երկկողմ օգնությունը՝ Վրաստանում օտարերկրյա ազդեցության մասին օրենքի ընդունման շուրջ տարաձայնությունների ֆոնին։ ԱՄՆ իշխանություններն այդ օրենքը համարել են հակաժողովրդավարական։ Նույն տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը կասեցրել է նաև Վրաստանի հետ Ռազմավարական գործընկերության խարտիայի գործողությունը։