Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանն իր ծննդյան օրն իր գյուղ այցելած քրդերին նամակ է ուղարկել՝ բոլորին կոչ անելով սիրով մասնակցել քրդական հարցի կարգավորման գործընթացին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Սելլահաթին Դեմիրթաշի գլխավորությամբ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատվիրակության՝ Իմրալը կղզի այցի ժամանակ Աբդուլլահ Օջալանն իր համակիրներին քրդերենով 3 էջից բաղկացած նամակ է ուղարկել՝ կոչ անելով բոլորին աշխատել քրդական հարցի կարգավորման ուղղությամբ։
Նամակում Օջալանը գրել է. «Ես շատ լավ եմ եւ մինչեւ վերջին շունչս լավ եմ լինելու։ Ամարա (Օջալանի ծննդավայր-խմբ) եկած եւ իմ ծննդյան տարեդարձը շնորհավորող բոլորին անչափ շնորհակալություն եմ հայտնում։ Նման օրով ձեզ տեղեկացնում եմ, որ հաշտության հնարավորություններն ավելացել են։ Ես արդեն 65 տարեկան եմ։ Ես կատարեցի ինձ վրա դրված պարտականությունը։ Արդեն չպետք է մի կաթիլ արյուն էլ թափվի։ Բոլորը պետք է գործընթացին սիրով մասնակցեն»,-նշել է Աբդուլլահ Օջալանը։




























