Հայաստանի պետեկամուտների կոմիտեն այսօր՝ փետրվարի 20-ին մեկնաբանել է Խորենացի փողոցում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նկատելով, որ ստուգումների արդյունքում 212 հարկատուների մոտ խախտումներ են հայտնաբերվել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ. առաջին կիսամյակում «Վաղարշ եւ որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում տեղադրված նոր ցանցային ՀԴՄ-ներից ստացված ֆիսկալային հասույթների վերաբերյալ տեղեկությունների ամփոփումից պարզվել է, որ տեղադրված 751 ՀԴՄ-ներից 63.2 տոկոսի մոտ կամ 472 ՀԴՄ-ից ստացվել է զրոյական ֆիսկալային հասույթ։

2009թ. երկրորդ կիսամյակում Պետեկամուտների կոմիտեի իրականացրած ՀԴՄ–ների կիրառման շահագործման կանոնների 231 ստուգումների ընթացքում 212 հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ։

Կոմիտեի իրականացրած հսկողական գործողությունների եւ վարչարարության արդյունքում 2009թ. երկրորդ կիսամյակում «Վաղարշ եւ որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործող հարկ վճարողների ֆիսկալային հասույթները կազմել են շուրջ 505.1 մլն դրամ` առաջին կիսամյակում արձանագրված 31.3 մլն դրամի դիմաց։ Իսկ զրոյական ֆիսկալային հասույթներ ներկայացնողների թիվը նվազել է մինչեւ 127-ի:

Վճարված հարկերի ամփոփումից պարզվել է, որ «Վաղարշ եւ որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնողների 2009թ. ամսական միջին մուտքերը կազմել են 12.9 մլն դրամ, կամ մեկ ՀԴՄ-ի համար` միջինը 17.3 հազար դրամ` մեկ ամսվա համար։

2010թ. հունվարի 1-ից գործող հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում առեւտրի իրականացման վայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները դադարել են համարվել հաստատագրված հարկ վճարողներ եւ տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ, ինչի արդյունքում «Վաղարշ եւ որդիներ» առեւտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից 214-ը 2010թ. հունվարին զրոյական ֆիսկալային տեղեկություններ չեն ներկայացրել։

Հիշեցնենք, որ ոսկու շուկաների աշխատակիցներն արդեն երեք օր է՝ գործադուլ են անում եւ Հայաստանի կառավարությունից պահանջում հանել ՀԴՄ-ները՝ նշելով, որ դրանք լուրջ հարված են հասցնում իրենց բիզնեսին: