«Կամուրջ» 7-րդ միջազգային համաժողովն աշխատանքն ըսկսեց առանց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի: «Վարչապետ վատառողջության պաճառով չի մասնակցի ֆորումի բացմանը»,-ողջունելով հայաստանցի եւ արտասահմանցի մասնակից 250 գործարարներին` ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Հետճգնաժամային տարվա «Կամուրջ» համաժողովի մասնակիցների թիվը նույն է մնացել, սակայն փոփոխություն է կրել մասնակից երկրների ցանկը: Այս տարի առաջին անգամ Հայաստանի տնտեսական ֆորումին կամ «Հայկական Դավոսին» մասնակցում են Եգիպտոսի եւ Լեհաստանի պատվիրակությունները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեհաստանի բիզնես պատվիրակության ներկայացուցիչ Մագդալենա Սմոլենսկան տեղեկացրեց, որ Հայաստանում են` ծանոթանալու անասնաբուծության եւ անասնաբուժության հարցերին, իսկ «Կամուրջ»-ին մասնակցության ցանկություն են ունեցել, որովհետեւ այն Հայաստանի գլխավոր տնտեսական միջոցառումներից է: «Եվրամիության երկրների համար սննդի անվտանգության հարցը չափազանց կարեւոր խնդիր է, իսկ մենք տեղյակ ենք, որ Հայաստանում հաճախ դաբաղ կամ այլ հիվանդություններ են հայտնաբերվում»,- նշեց նա` ավելացնելով, որ համագործակցության վերաբերյալ արդեն որոշակի քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ:
«Եվրամիության համար կարեւոր է նաեւ տնտեսական համագործակցոթյունն ու ինտեգրացիան»,- «Կամուրջի» մասնակիցներին ողջունելով, ասաց Հայաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ռաուլ դե Լուցենբերգերը` ավելացնելով, որ տնտեսական ճգնաժամը ԵՄ անդամ երկրները հեշտությամբ հաղթահարեցին, որովհետեւ տնտեսական սերտ համագործակցության մեջ են միմյանց հետ: Ըստ նրա`Հայաստանի համար եւս կարեւոր է ստեղծել ազատականացված տնտեսություն, եւ սկսել տնտեսական փոխգործակցություն տարածաշրջանի երկրների հետ, քանի որ դրանից միայն կշահի տնտեսությունը եւ պետությունը: NEWS.am-ի հարցին պատասխանելով, թե արդյոք Հայաստանի տնտեսությունը ազատական չէ` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը ֆորմալ առումով բավական ազատական է, եւ դա նշվել է բազմաթիվ միջազգային կազմակերությունների զեկույցներում:
«Պարզապես մեր շուկայում օբյեկտիվ պատճառներով առկա է որոշ ընկերությունների գերիշխող դիրքը, սրա պատճառն այն է, որ շուկան փոքր է»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ քայլեր են կատարվում տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ:
Տեղեկացնենք, որ այս տարվա «Կամուրջում» բավական մեծ ժամանակահատված է տրամադրված առանձին կլոր սեղաններին եւ քննարկումներին: Հայաստանի իշխանությունների, հայ եւ արտասահմանցի գործարարների միջեւ ազատ քննարկումների ընթացքում հիմնականում արծարծվում էին հետճգնաժամային իրավիճակի, ճգնաժամի հնարավոր կրկնության կանխման մասին հարցեր:
«Կամուրջ 2010» համաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ փետրվարի 22-ը:




























