Տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտը տնտեսության գերակա ճյուղ հայտարարել են արդեն մոտ 10 տարուց ավել, սակայն իրականում աջակցությունը հայտարարությունից այն կողմ չի գնացել։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ կապալառու (USAID CAPS) ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը եւ նախարարը՝ իր հերթին, իրենց ամբողջ հնարավորություններով փորձում են օժանդակել ոլորտին, սակայն չնայած պետական աջակցությանը՝ բիզնես միջավայրը, օրենսդրական դաշտը, հարկային դաշտը սկսնակ ընկերություններին դեռեւս թույլ չեն տալիս ավելի արագ զարգանալ։
«Ընդգծված արտոնություններ, զարգացման կամ խրախուսման ձեւեր մեր հանրապետությունում ՏՏ ոլորտի սկսնակ կամ փորձառու ընկերությունների նկատմամբ դեռեւս չկան»,- ասաց Ա. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս տարի Էկոնոմիկայի նախարարությունը օժանդակել եւ գումարներ է հատկացրել մի շարք այնպիսի ընկերությունների, որոնք ունեն ապրանքի նախատիպ, մնում է այն զարգացնել եւ կարող են այն դրսում վաճառել։
«Որոշ քայլեր արվում են, հատկապես վերջին երկու տարում, սակայն, կարծում եմ, դա բավարար չէ, համակարգային փոփոխություններ են պետք»,- ասաց Ա. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ պետական մյուս օղակները չեն օժանդակում, եւ շատ ժամանակ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը մնում է օդում, քանի որ մյուս օղակներում լավ չեն գնահատում ՏՏ-ի հնարավորությունները",- ասաց Ա. Աբրահամյանը։




























