Մոսկվայի Տվերի դատարանն, այսօր՝ ապրիլի 12-ին, ընդունել է Մեծ թատրոնի ու Նիկոլայ Ցիսկարիձեի՝ նկատողությունների վերաբերյալ հայցի շրջանակում հաշտության համաձայնագիր կնքելու մերժումը։ Այսպիսով, դատարանը հաստատել է կողմերի՝ վեճը խաղաղությամբ ավարտել չցանկանալը եւ անցել է հայցադիմումն ըստ էության քննելուն։
Դրանից բացի, Մեծ թատրոնի վարչակազմն ավելացրել է, որ կարող է աշխատանքից հեռացնել Ցիսկարիձեին՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար, սակայն հույս ունի, որ արտիստը կուղղվի, հաղորդում է «Ռոսբալտը»։
Ավելի վաղ Ցիսկարիձեն հաղորդել էր, որ ինքն արդեն երկու նկատողություն ունի։ «Այժմ ինձնից պահանջում են բացատրություն գրել աշխատանքային կարգապահությունը խախտելու համար, քանի որ ես շփվել եմ մամուլի հետ ու իմ կարծիքն եմ արտահայտել։ Կարծում եմ, որ երրորդ նկատողությունը կստանամ, եւ ինձ աշխատանքից կհեռացնեն», - հայտարարել է Ցիսկարիձեն «Առաջին ալիքի» «Գիշերամուտ» հաղորդման եթերում։




























