Թալիշների մեծամասնությունը  ոգեշնչվում է Շուշիից «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի աշխատանքով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել է թալիշ քաղաքագետ եւ հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան: Մարտի 20-ից հեռարձակող ռադիոկայանի բացումը ողջունել են թե նա, թե թալիշ քաղաքագետ Ռուստամ Իսկանդարին: Աբոսզոդան այդ կապակցությամբ «Թոլիշպրես» գործակալության կայքում հոդված է հրապարակել «Թոլիշոստոնի սադո չամա սադոյե» («Թալիշստանի ձայնը» մեր ձայնն է) վերնագրով, նաեւ մի քանի այլ հրապարակումներ:

«Վստահ եմ, որ մենք բավական հստակ եւ պարզ արտահայտել ենք մեր վերաբերմունքն այդ իրադարձությանը: բացի այդ, սոցցանցերում քննարկումներից կարելի է հստակ եզրակացություն անել, որ թալիշների մեծամասնությունը դրական են արտահայտվել այդ ռադիոյի հասցեին, շատերն իրենց հիացմունքն են արտահայտել»,- ասել է Աբոսզոդան:

Այդուհանդերձ, նրա խոսքով,  ռադիոհեռարձակումը ոչ միշտ է դրական արձագանք ստանում: «Պետք է խոստովանեմ, մեր ազգում կան մարդիկ, որոնք, ամենատարբեր պատճառներով, ոչ այնքան դրական (երբեմն էլ թշնամաբար) են վերաբերվում շուշիից թալիշական ռադիոյի հեռարձակմանը»,- ասել է նա եւ հավելել, որ այդ մարդկանց մի մասը չի հասկանում, մյուսն էլ` նեղ անձնական շահերն է հետապնդում:

Ամփոփելով` ֆարհադդին Աբոսզոդան ջերմ երախտագիտություն է հայտնել ռադիոյի կոլեկտիվին: «Անձամբ ես եւ իմ համախոհները մեր երախտագիտությունն ենք հայտնում ռադիոյի կոլեկտիվին` պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի գլխավորությամբ եւ ասում` հոգաչափ շնորհակալ ենք»:

«Թալիշստանի ձայնը» օրական մի քանի ժամ հեռարձակվում է թալիշերենով եւ մասամբ նաեւ ադրբեջաներենով: Նախագծի հեղինակները Իրանագիտության կովկասյան կենտրոնն ու «Մոդուս վիվենդի » կենտրոնն են: Ռադիոյի աշխատակիցները թալիշերենի կրողներ են, նաեւ Երեւանի պետհամալսարանի իրանագիտության ամբիոնի աշխատակիցներ: