Հայաստանը պետք է տարածաշրջանային շուկա ստեղծելու ուղղությամբ աշխատանք կատարի, իսկ այդ ուղղությամբ առաջին հերթին կարելի է համագործակցել Վրաստանի հետ: Այս մասին նշեց «Կամուրջ 2010» միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը`պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը համաձայն կլինի Վրաստանի հետ միջազգային տնտեսական համաժողով անցկացնել:
«Հայաստանը եւ Վրաստանը պետք է ձգտեն ստեղծել տարածաշրջանային շուկա, որովհետեւ առանձին վերցված մեր շուկաները օտարերկրյա ներդրողների համար առանձնապես հետաքրքիր չեն»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ ամբողջ աշխարհում պետությունները գնում են միասնական շուկաներ ձեւավերելու ուղղությամբ: Նրա խոսքով` Վրաստանի հետ պետք է նաեւ համատեղ տնտեսական համաժողովներ կազմակերպվեն:
«Իմ կարծիքով, հայ գործարարները շատ ավելի գիտեն Վրաստանի տնտեսության մասին, քան վրացիները Հայաստանի տնտեսության, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համատեղ քննարկումներ կազմակերպել»,- նշեց նախարարը:
NEWS. am-ի թղթակցի հետ հարցազրույցում Վրաստանի Գործատուների միության գլխավոր տնօրեն Միխայիլ Թորձախիան նշեց, որ ցանկանում են հայ գործընկերներին առաջարկել ստեղծել համատեղ միջազգային տնտեսական համաժողով, որը կանցկացվի կամ Վրաստանում, կամ Հայաստանում: «Երկու հարեւան պետությունները ավելի մեծ տնտեսական հետաքրքրություն կներկայացնեն, իսկ այդ համաժողովը կդառնա իսկապես տարածաշրջանային»,- ասաց «Կամուրջ 2010»-ի վրացի մասնակիցը` ավելացնելով, որ երկու երկրները տնտեսական երկկողմ կապերի ուղղությամբ էլ մեծ աշխատանք ունեն կատարելու: «Այս տարի Վրաստանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը 5-րդ տեղում է, ինչը բնականաբար գոհացուցիչ չի կարող լինել»,- եզրափակեց Թորձախիան:




























