Lufthansa ավիաընկերության մոտ 800 չվերթներ չեղյալ են հայտարարվել օդաչուների գործադուլի պատճառով:
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում հետաձգվել են գործնականում բոլոր ներքին չվերթները, չեղյալ են հայտարարվել Լոնդոն, Ստոկհոլմ եւ այլ քաղաքներ կատարվող չվերթները, հաղորդում է Deutsche Welle-ն: Շատ չվերթներ չեղյալ են հայտարարվել նաեւ Մյունխենի, Դյուսելդորֆի եւ Համբուրգի օդանավակայաններում: Բացի այդ, այսօրվա ընթացքում սպասվում է, որ չեղյալ կհայտարարվեն նաեւ լրացուցիչ ավիաչվերթները:
Սովորաբար գերմանական առաջատար ավիափոխադրողն օրական իրականացնում է մոտ 1800 չվերթ՝ տեղափոխելով մինչեւ 150 հազար ուղեւորի:
Նախօրեին Cockpit արհմիութենական միավորումը դիմել էր 4000 օդաչուների՝ կոչ անելով չորս օրով դադարեցնել աշխատանքը: Բողոքի գործողության գլխավոր նպատակն է կանխել անձնակազմի նախանշված կրճատումը: Արհմիությունը մեղադրում է Lufthansa-ի ղեկավարությանը՝ էժանագին դուստր ձեռնարկությունների օդանավային թռիչքների թիվը մայր ստորաբաժանման աշխատակիցների կրճատման հաշվին ավելացնելու ձգտման մեջ:
Միեւնույն ժամանակ, ավիաընկերությունն այդ պահանջները որակում է որպես «անողջամիտ» եւ «ապօրինի»: Նա պատրաստ է երաշխավորել Cockpit-ի ներկայիս անդամների աշխատատեղերը հաջորդ երկու տարվա, անգամ 2013-14 թվականների համար, եթե 12 ամսվա ընթացքում օդաչուներն աշխատավարձի բարձրացում չպահանջեն:
Նշենք, որ գերմանական ավիաընկերությունը 2009թ. մարտին լքել է Հայաստանի շուկան:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբահամյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է, որ ընկերության աշխատակիցների գործադուլը չի ազդել Հայաստանի ավիափոխադրումների վրա։ «Զվարթնոց» օդանավակայանում չվերթները շարունակվում են բնականոն ընթանալ",-նշեց Աբրամյանը։




























