Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը նշել է, որ Վանում եւս երկու հայկական եկեղեցիներ կվերանորոգվեն։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Վանի փոխնահանգապետը հիշեցրել է, որ բացի Աղթամար կղզուց՝ Վանա լճում կա եւս 4 կղզի, որոնցում նույնպես մեկական եկեղեցիներ կան։ Հալիլ Բերքը հայտնել է, որ արդեն նախատեսված է վերանորոգել Վանից 5 կմ հեռու գտնվող Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող Վարագավանքը եւ Վանա լճի կղզիներից մեկի եկեղեցին, քանի որ դրանք առավել շատ են գրավում զբոսաշրջիկներին։
Նշենք, որ Վանի փոխնահանգապետը Ստամբուլում փետրվարի 11-ից 14-ը կազմակերպված միջազգային ցուցահանդեսում այցելել էր Հայաստանը ներկայացնող տաղավար եւ զրուցել հայաստանցի ներկայացուցիչների հետ։
Փոխնահանգապետի նշած Յուքարըբաքրաչլըի գյուղապետը, իմամը եւ գյուղացիների մեծ մասը ամիսներ առաջ դիմել էին Վանի իշխանություններին՝ վերանորոգելու ավերված Վարագավանքը։
Ի դեպ, ավելի վաղ տեղեկացվել է, որ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել էր, թե 2010-ի սեպտեմբերի 12-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կվերաբացվի կրոնական արարողությունների համար եւ շեշտել, որ դա վերջնական որոշում է:




























