«Գազի սակագնի բարձրացումը նախօրոք պայմանավորված գործարք է իշխանությունների եւ „Հայռուսգազարդի“ միջեւ. այստեղից հետեւություն, որ „Հայռուսգազարդը“, մարդկանց գրպաները մտած, թալանում է նրանց, գազ գողանում սպառողներից»,- փետրվարի 24-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
Նշելով, որ ներկայիս իշխանությունը «ժողովրդին ընդառաջելու խնդիր իր առջեւ երբեք չի դրել», նա անընդունելի համարեց փաստը, որ Հայաստանը, Ռուսաստանից 1000 խ/մ գազ գնելիս վճարում է 180 դոլար, այնինչ իր երկրի քաղաքացիներին այն վաճառում է 350 դոլարով. «Այս հարցը հնարավոր չէ չքաղաքականացնել։ Իշխանությունների եւ „Հայռուսգազարդի“ նախնական պայմանավորվածության մեջ ստվերային գումարների շարժն ակնհայտ է, քանի որ տարիների փորձը ցույց է տալիս, որ սակագների բարձրացումը որոշ մարդկանց համար միշտ էլ ստվերային եկամուտներ է ապահովում»,- համոզմունք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ գազի գնի բարձրացումն, անշուշտ, կբերի շատ ապրանքատեսակների թանկացման։ «Թեպետ առայժմ այդ մասին խոսակցություններ չկան, սակայն արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կթանկանա նաեւ էլեկտրաէներգիան»,- կանխատեսեց Վ. Խաչատրյանը։
Ասուլիսի մյուս բանախոս «Ժողովրդի իշխանություն» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանն էլ իր հերթին հավելեց, որ պետությունը չի փորձում քայլեր ձեռնարկել գազի գնի թանկացման դեմ, ավելին՝ խրախուսում է «Հայռուսգազարդի» վարած քաղաքականությանը։ «Սկսած 2004-ից, երբ պետությանը մնացել է այդ ընկերության բաժնետոմսերի ընդամենը 10 տոկոսը, „Հայռուսգազարդը“ միշտ էլ գերշահույթներ է ստացել. դրա վկայությունը հարկատուների ցուցակում „Հայռուսգազարդի“ զբաղեցրած առաջնային տեղերն են՝ 2008-ին երկրորդ, իսկ արդեն 2009-ին՝ որպես պետության առաջին խոշոր հարկատու»,- հիշեցրեց նա՝ ավելացնելով, որ եթե մեկը խաղի մեջ է մտնում իշխանությունների հետ, այլեւս անկարող է լինում դուրս գալ այդ խաղից, քանի որ, ի վերջո, պետությունն է որոշում՝ մնում ես խաղի մեջ, թե դուրս գալիս նրանից։



















