Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում  ներկայացվել է Գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների ամփոփ գնահատման մեթոդաբանությունը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթղթի մշակումը  բխում է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի միջոցառումների ծրագրից: Ըստ ՏԿՆ տարածքային կառավարման եւ  զարգացման վարչության պետ Հ. Գալստյանի`այս մեթոդաբանությունը, մշակված բանաձեւերի հիման վրա, թույլ է տալիս ըստ համայնքների գնահատել դրանց  խոցելիության մակարդակը: 

Նիստը վարող փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանը նշել է, որ համայնքներում տարբեր ծրագրերի իրականացումը, պետական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է այս մեթոդաբանության վրա,   եւ այն պետք է լինի  առավելագույն օբյեկտիվ: Նա առաջարկեց փաստաթղթի նախագիծը մեկ անգամ եւս  ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաեւ հաջորդ ամիս տեղական եւ միջազգային  համապատասխան կառույցների մասնակցությամբ կազմակերպել քննարկում եւ ամփոփել առաջարկությունները:

Փաստաթուղթը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի հունիսին:

Տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքների բյուջեների ընթացիկ տարվա առաջին  եռամսյակի կատարողականի  եւ աշխատավարձի գծով պարտքերի մարման գործընթացի վերաբերյալ: Ընդամենը եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են  20 մլրդ 590 մլն 448 հազար դրամ (Երեւանը ներառյալ)` 92,6 %  կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փաստացի մուտքերն աճել են 9 %-ով  կամ 1 մլրդ 696 մլն 372 հազար դրամով:Սեփական եկամուտները կազմել են 5 մլրդ 383 մլն 354 հազար դրամ (կատարողականը` 98,9% ): 2012թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ  սեփական  եկամուտների հավաքագրման  ցուցանիշն աճել է  13.3 %-ով  կամ 630 մլն 431 հազար դրամով: Նախորդ տարիների աշխատավարձի պարտքը 01.01.2013 թ-ի դրությամբ կազմել էր 104 մլն 731 հազար դրամ, որից 15.04.2013 թ-ի դրությամբ մարվել է 40 մլն 872 հազար դրամի չափով:

Ա. Գեւորգյանն ընդհանուր առմամբ դրական համարեց  սեփական եկամուտների հավաքագրման միտումները եւ հույս հայտնեց, որ դրանք կպահպանվեն նաեւ տարվա կտրվածքով: Միեւնույն ժամանակ հանձնարարեց ինչպես եկամուտների հավաքագրման, այնպես էլ աշխատավարձերի պարտքի մարման մասով   թերացումներ արձանագրած մարզերում  ուսումնասիրել պատճառները:  

Կոլեգիայի նիստում տեղեկություններ ներկայացվեց դեռեւս  2009թ-ին  ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված <<Ֆինանսական համահարթեցման մասին>>   ՀՀ օրինագծի հնարավոր կիրարկման, դրա ազդեցության լրացուցիչ ուսումնասիրության մասին կատարված աշխատանքների վերաբերյալ:

Առաջարկվեց կոլեգիայի նիստում հնչեցված դիտարկումները քննարկման առարկա դարձնել նաեւ օրինագծի վերաբերյալ առաջիկայում նախատեսվող խորհրդարանական լսումների ժամանակ:

Նիստում քննարկվեցին   նաեւ հանրապետության քաղաքային եւ գյուղական  համայնքների աշխատակազմերի  եւ դրանց  միասնականացման անհրաժեշտության, վարչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման  հարցերը: Համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանը ներկայացրեց   <<Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի աշխատակիցների թվաքանակի որոշման օպտիմալ մոդելը>>, որտեղ նաեւ  առաջարկություններ կան  բնակչության նույն  թվաքանակ ունեցող համայնքների աշխատակազմերի աշխատակիցների օպտիմալ թվի վերաբերյալ:

Ա. Գեւորգյանը նշեց, որ այս խնդիրը  պետք է քննարկել եւ գտնել լուծման օպտիմալ տարբերակներ` հարցի լուծումը  կարեւորելով նաեւ համայնքների վարչական ծախսերի արդյունավետ  տնօրինման տեսանկյունից:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց ուսումնասիրության արդյունքները, որոշվեց այն   քննարկել  նաեւ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ: