Հայ երիտասարդությունը չի կարողանում գնահատել իր աշխատանքային ունակությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ունակություններ-աշխատավարձ հարաբերակցությանը ոչ բոլորն են տիրապետում, ուստի շատ քչերը կարող են համարժեք գնահատական տալ, թե որքան արժե իր գիտելիքը եւ ինչ աշխատավարձի նա կարող է օբյեկտիվորեն հավակնել»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ամեն մեկը չի կարող նկարագրել իր ունակությունների շրջանակը եւ գործատուին հասկացնել, թե կոնկրետ ինչի է ունակ ինքը:
Խնդիրը խորանում է պրոֆեսիոնալ կադրերի բացակայությամբ: «Միջին օղակում լավ ճարտարագիտական կադրեր եւ մասնագետների պակաս ունենք: Բարեբախտաբար, պոլիտեխնիկը (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան-խմբ) վերջերս նոր ծրագիր է սկսել, որով բուհի նոր ուսումնական լաբորատրիայի ստեղծման համար շուրջ 6 մլն դոլար ներդրում կարվի»,-նշել է Մակարյանը:
Ինչ վերաբերում է մասնագիտական ուսումնարաններին, նա ասել է, որ այստեղ պետք է վերազինման մեծ ծրագիր:




























