Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է «Եվրասիական տնտեսական համագործակցության եւ Եվրազես-ի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների օգտագործման կառավարման համաձայնագրի հաստատման մասին» դաշնային օրենքը:

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքն ընդունվել էր Պետդումայի կողմից հուլիսի 15-ին, եւ հաստատվել հուլիսի 18-ին Դաշնային Խորհրդի կողմից: Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին փաստաթուղթը Հայաստանի հետ ստորագրվել էր հուլիսի 9-ին: Եվրազես-ի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար:

Պայմանագիրը նախատեսում է, որ հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել մասնակից երկրներին ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման համար:

Պայմանագրի իրագործումը կհանգեցնի դաշնային բյուջեի եւս 7,5 միլիարդ դոլարի ծախսի: Հիշեցնենք, որ Եվրազես-ի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Մոլդովան, Ուկրաինան եւ Հայաստանն ունեն դիտորդի կարգավիճակ: