Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով տուժել են 28 մարդ: Այդ մասին հայտարարել է աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Դավիթ Սերգեենկոն:
«28 մարդ է տուժել, որոնցից 11-ին տեղափոխել են ստացիոնար բուժման, մեկին դուրս են գրել, մյուսներին օգնություն ցուցաբերել են տեղում»,- ասել է Սերգեենկոն` հավելելով, որ լրագրողուհի Խատյա Կալանդաձեն գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Նախարարը նշել է, որ տուժել են երեք ոստիկաններ, թեեւ «Գրուզիա-Online»-ը, վկայակոչելով ռեանիմատոլոգ կոնստանտին Մումլաձեին, նշում է, թե տուժել են հինգ ոստիկաններ:
Նշենք, որ այսօր Թբիլիսիում նախատեսված էր երկու ակցիա` ԼԳԲՏ-հանրության աջակիցների եւ հակառակորդների: Սեռական փոքրամասնությունների հակառակորդների թիվը մի քանի անգամ ավելին է եղել, նրանք անցել էին ոստիկանական արգելապատնեշը, ցրել ԼԳԲՏ-ակտիվիստներին, բախվել ոստիկանների հետ:
Բռնությունները դատապարտել էր Թբիլիսիի քաղաքապետարանը, նաեւ նախագահի աշխատակազմը, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը եւ մի շարք ՀԿ-ներ:




























