2013-17 թթ. թոշակառուները կարող են ակնկալել կենսաթոշակների ավելացում, առողջապահական ծառայությունների հասանելիություն, անվճար ծառայությունների տեսականու ավելացում, մինչեւ 1993 թ. ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման շարունակականություն: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

«Ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծում, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի եւ հասանելիության բարձրացում, առողջապահության որակի բարձրացում եւ հասանելիություն, պարապուրդի մատնված գործարանների վերագործարկում, անհրաժեշտության դեպքում՝ սեփականատիրոջ փոփոխմամբ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: Միջոցառումներ են իրականցվելու նաեւ սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն ցուցաբերելու, գույքահարկի արդարացի համակարգ ներդնելու ուղղությամբ: «Պետք է դառնանք մարտունակ պետություն եւ կազմակերպված հասարակություն»,- ասաց Տ. Սարգսյանը: