Գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվելը ցանկացած երկրի համար հեշտ չէ, իր մեջ պարունակում է բազմաթիվ բարդություններ: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Այսօր կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները, որ գազը մատակարարվի առավել մատչելի, դրա համար անում ենք ամեն ինչ, սկսած Իրանի հետ քննարկումներից, ավարտած մեր ավանդական ռազմավարական գործընկերոջ հետ բանակցային գործընթացով; Քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են շարունակվում, նպատակն է գտնել այնպիսի լուծումներ, որ թույլ կտա նվազեցնել գազի գինը»,- ասաց Տ. Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սահմանի վրա ֆիքսված գինը 30%-ով նվազեցնելու համար: «Կներկայացնենք սուբսիդավորման մեխանիզները, երբ կներկայացնենք պայմանագիր Ռուսաստանի հետ»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ կառավարության ջանքերի շնորհիվ նախորդող 3 տարում գազի սակագինը մնացել է անփոփոխ, իսկ Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկումներ են եղել՝ ամենաէժան գներով գազ մատակարարելու համար:




























