ԲՀԿ մամուլի խոսնակը պարզաբանում է ներկայացրել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի, Գագիկ Ծառուկյանն իր հետ հանդիպմանը բացառել է, որ երբեւէ դուրս կգա իշխանության դեմ:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի պարզաբանման մեջ ասվում է.
«Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերումներ է կատարել իբր իր եւ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են եւ ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը:
Ինչ վերաբերվում է քաղաքական եւ մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որեւէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը եւ համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաեւ, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»` Հովսեփ Խուրշուդյանը, Ռուբեն Հակոբյանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
Նա նշել էր, որ իր համար անակնկալ չէր ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը: «Գոնե Գագիկ Ծառուկյանը, ում հետ երկու անգամ հանդիպել եմ, այն եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ: Եւ այդ անկեղծությունը դեմ-դիմաց, իմ աչքերի մեջ նայելով, բացառել է, եր երբեւէ դուրս կգա իշխանության դեմ»,- ասել էր Հովհաննիսյանը:




























