Վերջերս Ռուսաստանի քաղաքացի Ժերար Դեպարդիեն Սարանսկում ստացել է անհատ ձեռներեցի վկայական: Այդ մասին հայտնել է դերասանի ընկերը` Գոսֆիլմոֆոնդի ղեկավար Նիկոլայ Բորոդաչյովը:
Ըստ Բորոդաչյովի` դերասանը կզբաղվի բեմական, կինեմատոգրաֆիական գործունեությամբ, հնարավոր է՝ սեփական սրճարան բացի, հաղորդում է gazeta.ru-ն: Սարանսկում Դեպարդիեն իրավաբանական անձ է գրանցել` Ռուսաստանի տարածքում գործունեության եկամուտներից հարկերի վճարման համար:
Սարանսկ ժամանելուց առաջ Դեպարդիեն բաց հարցազրույց էր տվել, որում պատմել էր, որ ռուսական քաղաքացիությունը հենց այնպես չի ստացել. նա պատրաստվում է վճարել հարկերը եւ օգտվել առողջապահությունից, նաեւ նշել էր, որ մնում է միայն լեզուն յուրացնել, հաղորդում է dni.ru-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հարկային բարեփոխումներից հետո վճռել էր փոխել բնակության վայրը: 2013թ. հունվարի սկզբին դերասանը ռուսական քաղաքացիություն էր ստացել, որից հետո գրանցվել էր Մորդովիայում` Սարանսկում: Դերասանը նաեւ հինգսենյականոց բնակարան ունի Գրոզնիում, որի փաստաթղթերը նրան էր հանձնել հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը:



























