Միացյալ Թագավորություն պաշտոնական այցելության շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 20-ին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդանի հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցում էր նաեւ Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվել է, որ վերջին տարիներին այդ ձեւաչափով կապերն ակտիվացել են:
Լորդերի պալատի խոսնակի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործընթացում:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկ, որտեղ հանդիպում է ունեցել բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր են փոխանակվել տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։
Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին եւ ծրագրերի քննարկմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերի հետ։
Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։
Շուրջ երեք ժամ տեւած հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում հայ-բրիտանական համագործակցության, Հայաստան-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։




























