Կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը ծրագրի նման չի: Այդ մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ չի կարելի գրել, որ դատական համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացնել, քանի որ դատական համակարգը անարդյունավետ լինել չի կարող: Կամ չարժե նշել հարկային վարչարարության բարելավման մասին, քանի որ հարկային վարչարարությունը պետք է բարելավել մշտապես:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ կառավարության նախկին 5 տարիների գործունեությունը ձախողված է եղել. 225 հազ. մարդ հեռացել է, 5 տարում ՀՆԱ-ի աճը կազմել է 6%, այնինչ համաշխարհային միջինը 13% է: Չունենք գործնականում բյուջեի աճ՝ 600-700 մլրդը դարձել է 1 տրլն, սակայն եթե հանում ես հարկային վարչարարությունն ու գների աճը՝ բյուջեի աճ չկա:

Բագրատյանը ներկայացրեց, թե ինչ կաներ, եթե ինքը վարչապետ լիներ: Մասնավորապես՝ կհիմներ ներդրումային հիմնադրամ, որում կհավաքվեր սփյուռքահայերի տնօրինած 400-500 մլրդ դոլարի մի մասը՝ երաշխավորելով դրանց եկամտաբերությունն ու վերադարձը:

«Օֆշոր-մոֆշոր կարգի կբերեմ, ավիացիան 5 րոպեում կլիբերալիզացնեմ, այնպես որ դեպի Եվրոպա 380 դոլարից ավելի թանկ տոմսի գին չի լինի»,- ասաց Հ. Բագրատյանը: Նա նաեւ հայտարարեց, որ գյուղմթերքների արտադրության ծավալների մասին վիճակագրական տվյալները իրականությանը չեն համապատասխանում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am