ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը: Ձեռքբերված արդյունքներին անդրադառնալու, ինչպես նաեւ մաքսային բարեփոխումների հետագա ընթացքը քննարկելու նպատակով այսօր կայացել է գիտաժողով «ՀՀ մաքսային օրենսդրության արդիականացումը» խորագրով:
Թվինինգ ծրագրի փորձագետների աջակցությամբ արդեն իսկ մշակվել եւ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել են մաքսային արժեքի եւ դասակարգման ընթացակարգերի վերաբերյալ երկու ուղեցույց, կայքում նաեւ ստեղծվել է առանձին ենթաբաժին, որտեղ եւ տեղադրվել են բողոքարկման բոլոր ընթացակարգերը: Ներկայում Թվինինգ ծրագիրը թեւակոխում է մի նոր փուլ. առաջարկություններից եւ վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը:
Ծրագրի ավարտին ակնկալվում է համակարգում կիրառել ԵՄ չափանիշներին եւ ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողություն` ներառելով նախաբացթողումային մաքսային ձեւակերպումների գործընթացում գտնվող հսկողության իրականացման եւ հետբացթողումային հսկողության ընթացակարգերը: Ծրագրով խնդիր է դրվել, տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների համար շոշափելի դարձնել մաքսային ոլորտում մեկնարկած բարեփոխումները:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է. «Վերջին տարիների ընթացքում Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, որոնք կրում են շարունակական բնույթ: Մաքսային համակարգի բարեփումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման եւ վճարների համակարգի, ինչպես նաեւ ամբողջական «Կանաչ ուղու» ներդրում: Նշված ուղղություններով արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն, հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերական բնույթը, մենք շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաեւ Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: ՊԵԿ-ում իրականացվող Թվինինգ ծրագրի ընթացքը բավականին խոստումնալից է, արդեն իսկ ձեւավորվել է երկկողմանի աշխատանքային փոխհարաբերությունների ջերմ մթնոլորտ, համագործակցության մակարդակը ծրագրի միջոցով եւս մեկ աստիճան բարձրացվել է եւ լիահույս կարելի է նշել, որ այն ավելի կբարձրանա, իսկ Թվինինգ ծրագրի ավարտից հետո նոր որակի համագործակցությունը Լիտվայի եւ Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների հետ կշարունակվի»:
Ըստ Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի՝ ՀՀ օրենսդրությունն ու գործնական ընթացակարգերն անհրաժեշտ է վերանայել «ԵՄ եւ ՀՀ միջեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում: «Կարեւոր է հասնել ԵՄ եւ ՀՀ մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ինչպես նաեւ մաքսային գործում ներմուծել եվրոպական չափանիշներ առեւտրի դյուրացման նպատակով: Մեր ծրագրի նպատակն է ՀՀ մաքսային մարմնին ցուցաբերել կայուն աջակցություն, որը համահունչ է ԵՄ չափանիշներին եւ ծառայում է ՀՀ քաղաքացիների ու գործարար հանրության օրինական պահանջներին», - նշել է Վիդա Միցկիենեն:




























