Սիրիական հակամարտության մեջ կողմերին բանակցությունների սեղանին նստեցնելը խնդրի հանգուցալուծման մեջ որոշակի արդյունքների հասնելու հնարավորություն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Արաբագետը ուշադրություն դարձրեց այս օրերին Սիրիայում ունեցող ռազմական ինտենսիվ գործողություններին՝ շեշտելով, թե դրանք միջազգային հարթակներում առաջիկայում սիրիական խնդրի շուրջ բանակցությունների համատեքստում կարելի է դիտարկել։  Գրիգորյանը սա բացատրում է նրանով, որ ակնկալվող բանակցային գործընթացի մեջ ներգրավված կողմերին՝ թե կառավարական շրջանակները, թե ընդդիմադիր զանգվածը նոր հաջողություններով ներկայանալու եւ բանակցային սեղանի շուրջ ասելիքը հիմնավորելու խնդիր ունի:

«Մայիս ամսվա ընթացքում մի շարք բարձր մակարդակներով եւ տարբեր ձեւաչափերով հանդիպումները, որտեղ օրակարգում Սիրիան էր, վկայում են, որ այս փուլում կարեւորվում է բանակցային գործընթացի միջոցով սիրիական հակամարտության հանգուցալուծումը: Սա հնարավորություն է կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ եւ հասնել որոշակի արդյունքների սիրիական խնդրի հանգուցալուծման մեջ»,-նշեց արաբագետը։

Հանդիպման մյուս բանախոս թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, անդրադառնալով սիրիական իրադարձություններում Թուրքիայի դերակատարությանը, նշեց, որ թուրքական իշխանությունները անհաջողության են մատնվել Ասադին տապալելու իրենց ծրագրերում, ինչի հետեւանքով սկսել են աջակցել ծայրահեղ իսլամիստներին եւ ահաբեկիչներին։

«Սակայն սա դուր չի գալիս Արեւմուտքին։ Վերջին շրջանում ինտերնետում հայտնված տեսագրություններում «Ալ Նուսրայի, «Ֆարուքի բրիգադի», «Ալ Կաիդայի» եւ այլ խմբավորումների անդամները անմարդկային գործողություններ են իրականացնում։ Աշխարհն արդեն գիտակցում է, թե ինչպես կարող է մարդու սիրտը հանող եւ ուտողը ժողովրդավարություն բերել Սիրիայում։

Այս ամենով էր պայմանավորված ԱՄՆ կողմից Թուրքիային ուղղված զգուշացումները՝ դադարեցնել աջակցությունը ահաբեկչական «Ալ Նուսրային»,-նշեց թուրքագետը՝ շեշտելով, թե ԱՄՆ-ը դեռ կշարունակի մուսուլմանների ձեռքով իրականացնել իր քաղաքականությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am