Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն, այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պեւկուրի գլխավորած պատվիրակությանը:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, խոսելով Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ գրեթե բոլոր ոլորտներում առկա համագործակցության մասին, հույս հայտնեց, որ այսուհետ երկու երկրների արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ դատական ոլորտում:

Արման Մկրտումյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կառուցվածքն ու գործառույթները, մասնավորապես՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորների մասնագիտացման հարցին, ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքով գործող դատական ատյաններին, ինչպես նաեւ Արդարադատության խորհրդի կառուցվածքին եւ գործառույթներին:

Համեմատելով Էստոնիայի եւ Հայաստանի դատական համակարգերը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, մասնավորապես, նկատել է, որ ունենալով նույն քանակի դատավորներ Էստոնիայում գործող դատավորների վարույթում քննվող գործերի քանակը շուրջ կիսով չափ պակաս է Հայաստանի համեմատությամբ, ինչն, անշուշտ, ապահովում է դատավորների աշխատանքի առավել արդյունավետությունը:

Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեւկուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ առաջարկել քննարկել էստոնական փորձը: Նախարար Հանո Պեւկուրը, մասնավորապես, ներկայացրել է Էստոնիայում գործող արտադատական ինստիտուտի փորձն ու արդյունավետությունը, որն էապես թեթեւացնում է դատարանների ծանրաբեռնվածությունը:

Հյուրերը շրջել են նաեւ Վճռաբեկ դատարանում, որից հետո այցելել են Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարան, ծանոթացել դատարանների շենքային պայմաններին ու դատական նիստերի դահլիճներին: