ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Բելգիայում վիրահատվելուց հետո վերադարձել է Հայաստան եւ ապաքինման կուրսն այստեղ է անցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ բուժումներ է ստանում Կարմիր Խաչի Վերականգնողական կենտրոնում, բայց հիվանդանոցում չի պառկում, գնում, գալիս է: «Եթե պետք լինի, պիտի գնամ արտասահման, պայմանավորվածություն կա գնալու»,- ասաց Հայրիկյանը` նշելով, որ հետվիրահատական ընթացքը եւ ապաքինումը շատ դանդաղ է առաջ շարժվում:

Նա նշեց, որ դեռ չի կարողանում օգտագործել աջ ձեռքը, առավելագույնը կարող է թուղթ պատռել: Հարցին, թե դատական մյուս նիստին ներկա կլինեք, նա պատասխանեց` «տեսնենք, մանրուքներով զբաղվել չեմ սիրում»: Դիտարկմանը, թե ձեր դեմ մահափորձի գործի քննությունը մանրուք է, նա նշեց` «Մանրուք է»:

Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ իրավապահները պետք է զբաղվեն մեղավորներին պատժելու խնդրով, իր համար բացահայտված է իր մահափորձի գործը: Այլ հարցրի նա չցանկացավ պատասխանել` ասելով, որ դա իրեն չի հետաքրքրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: