Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 20-ին, շարունակվեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավարությունը:
Դատարանը որոշել է հարցաքննել Պարույր Հայիկյանին, ով, ի դեպ, արդեն Հայաստանում է եւ այստեղ է բուժզննում անցնում: Մյուս նիստին ներկա կլինեն նաեւ Հայրիկյանի կինը եւ դուստրը:
Էպոսագետը կտրականապես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ մյուս երկու ամբաստանյալները մասնակի են այն ընդունելով` նշելով, որ մահափորձ չեն արել, այլ վախեցել են: Վարդան Սեդրակյանն ասել է նաեւ, թե բոլոր երեք ամբաստանյալներին անհրաժեշտ է ենթարկել դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության, անգամ նարկոլոգիական վիճակը ստուգելու համար միջնորդություն է ներկայացրել: Այսօրվա դատական նիստին ցուցմունք տված միակ վկան ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի զոքանչն էր, ով գովել է իր փեսային, ինչպես նաեւ նշել, որ եթե նույնիսկ նա նման արարք է արել, ապա դա արել է Վարդան Սեդրակյանի դրդմամբ, քանի որ իր փեսայի միակ թերությունը ազդեցության տակ ընկնելն է: Այսօրվա նիստին դատարանը բավարարել է Վարդան Սեդրակյանի պաշտպանի միջնորդությունը` վերացնելու կնոջ եւ երեք երեխաների տեսակցության արգելքը; Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 1-ին ժամը 12.00-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:




























