ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ մնացած բոլոր ընտրապայքարների արդյունքներն ամփոփելուց հետո իր կուսակցությունը Կոնգրեսի ստորին պալատում կստանա առնվազն 255 տեղ։ Նա ընտրությունների արդյունքները որակել է որպես դեմոկրատների պատմական հաջողություն, հայտնում է CBS News-ը։
«Մայք Ջոնսոնը ճիշտ էր։ Հարցումները սխալվել էին։ Սա սոսկ կապույտ ալիք չէր, սա ամերիկյան ցունամի էր»,- չորեքշաբթի Վաշինգտոնում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Ջեֆրիսը։ Այսպես է նա մեկնաբանել ընտրությունների արդյունքները, որոնք, նրա գնահատմամբ, դեմոկրատներին հնարավորություն կտան էապես ամրապնդել իրենց դիրքերը Ներկայացուցիչների պալատում։
«Մենք կստանանք առնվազն 255 տեղ, իսկ գուցե նաև ավելի շատ։ Սա պատմական մեծամասնություն է 21-րդ դարում»,- հավելել է քաղաքական գործիչը։
Կոնգրեսում դեմոկրատների նախընտրական արշավների կոմիտեի նախագահ, Վաշինգտոն նահանգը ներկայացնող Սյուզան ԴելԲենեն իր հերթին ընդգծել է կուսակցության հաղթանակի մասշտաբը։ Նրա գնահատմամբ՝ հաջողությունը ոչ միայն ստացած տեղերի քանակի մեջ է, այլև նրանով, որ դեմոկրատներին հաջողվել է արդյունքի հասնել ավանդաբար հանրապետական ընտրատարածքներում։
«Մեր հաղթանակը տպավորիչ է ոչ միայն նրանով, թե որքան տեղ ենք ստացել, թեև դրանք իսկապես շատ են։ Անցած գիշեր ապշեցուցիչն այն էր, թե որքան խորն ենք կարողացել ներթափանցել ավանդաբար հանրապետական տարածքներ»,- ասել է ԴելԲենեն։
21-րդ դարում Ներկայացուցիչների պալատում կուսակցություններից մեկի ամենամեծ առավելությունը գրանցվել է 2009 թվականին աշխատանքը սկսած 111-րդ Կոնգրեսում, երբ մեծամասնություն էին կազմում դեմոկրատները։ Այն ժամանակ կուսակցությունը վերահսկում էր 435 տեղից 257-ը։ Եթե Ջեֆրիսի կանխատեսումը հաստատվի, ներկայիս արդյունքը կմոտենա այդ պատմական ցուցանիշին։




























