Այս տարի եւս Հայաստանը միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը եւ երեք օր շարունակ Երեւանի տարբեր վայրերում հայ դերասանները կընթերցեն գրական ստեղծագործություններ:

Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-25-ին, Երեւանի տարբեր անկյուններում:

Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը եւ կազմակերպում գրական ընթերցումներ: Այս յուրօրինակ փորձառության ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը եւ ներկայացման արտասովոր վայրը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում: Միջոցառումներն անցկացվում են Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին ժամը 16.00-ին Հայաստանում ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34):  Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Մայիսի 24-ին  մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Մայիսի 24-ին ժամը 13.00-ից-14.00-ն Բարեկամություն կայարանում շոտլանդական գրականության ժամն է, 15.00-ից -16.00-ն Մարշալ Բաղրամյան կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործությունները, 17.00-ից -18.00-ն Երիտասարդական մետրոյում կհնչեն Ուելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 19.00-ից – 20.00-ն: Ողջ օրվա ընթացքում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի եւ Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի եւ Հովհաննես Ղուկասյանի  հայերեն թագմանությամբ:

Իսկ մայիսի 25-ին ժամը 17.00-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն եւ ընթերցանության ժամ:

Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտեն, ԵՄ կենտրոնը եւ Գրանիշ գրական ակումբը: