Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ «Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կեղծվել են: Ըստ նրա՝ հենց այդ կեղծումների պատճառով է Բելառուսի ներկայացուցիչ Ալյոնա Լանսկայան Ռուսաստանից քիչ ձայներ ստացել
«Ալյոնա, ես գիտեմ, թե ինչպես ես արձագանքել Ռուսաստանի քվեարկությանը: Քո հաշվին կարող ես 12 միավոր գրանցել, ոչ պակաս»,-հանրապետության տաղանդավոր երիտասարդության հետ հանդիպման ընթացքում Լանսկայային մխիթարել է Լուկաշենկոն:
«Սա խոսում է այն մասին, որ նման մրցույթը ոչ այնքան քաղաքականացված է, որքան կեղծված: Ավելին, ով հետեւում է լրատվամիջոցներին, տեսանք՝ երկրներից մեկում սկանդալ է ծագել քվեարկության արդյունքների կեղծման պատճառով: Էլ չեմ խոսում աշխարհագրական սկզբունքով քվեարկության մասին», - նախագահի խոսքերն է մեջբերում Belta.by-ն: Ընդ որում, Լուկաշենկոն կոչ է արել հանգիստ վերաբերվել մրցույթի արդյունքներին:




























