Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն ունեցող երկրների առջեւ երկընտրանք դրված չէ` լինե՞լ Մաքսային միությունո՞ւմ, թե՞ ընդգրկվել ԵՄ Ազատ առեւտրի գոտում, քանի որ Մաքսային միությունը արտաքին աշխարհից կտրող նախագիծ չէ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան` նկատելով, թե Հայաստանը բանակցություններ է վարում եվրոպական հանրության հետ ազատ առեւտրի համընդգրկուն գոտու շուրջ պայմանագիր կնքելու վերաբերյալ, եւ երբեմն եվրոպական գործընկերները Հայաստանին ընտրության առջեւ են դնում` նշելով, թե անհամատեղելի է միաժամանակ լինել երկու կառույցներում:
«Մենք շահագրգիռ ենք, որ Մաքսային միությունն ընդգրկվի նոր գլոբալ տնտեսության մեջ եւ բաց, գործընկերային կապեր հաստատի գործընկերների հետ: ԵՄ հետ փոխհարաբերությունները մեզ համար գերակա են: Եւ մենք պատրաստ ենք, որ եվրոպացիների հետ ընդհանուր տնտեսական տարածք ստեղծենք», - ասել է Վալովայան: Նա նշել է, թե Մաքսային միության ստեղծումը չի ենթադրում քաղաքական միության ստեղծում, խոսքը լիարժեք տնտեսական դաշինքի մասին է:



























