Գերմանիան եւ Հունգարիան կարող են աղմկահարույց քաղաքական սկանդալում ներքաշվել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի անհաջող կատակի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պատասխանի պատճառով:

NEWSru.com-ը գրում է, որ մայիսի 17-ին Բեռլինի եվրոպական ֆորումում ելույթ ունենալիս Մերկելը հայտարարել է. «Մենք կօգնենք Հունգարիային ճիշտ ուղի վերադառնալ, սակայն դա այնտեղ հեծելազոր ուղարկելու առիթ չէ»: Այդպես նա մեկնաբանել է վարչապետ Վիկտոր Օրբանի աջ պահպանողական կուսակցության նախաձեռնած հունգարական օրենսդրության փոփոխությունները, որոնք սահմանափակում են տպագրության ազատությունը, քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները եւ կրճատում սահմանադրական դատարանի իրավասությունները:  

Հաջորդ օրը  Օրբանը ռադիոեթերում պատասխանել է. «Գերմանացիներն արդեն մի անգամ հեծելազոր ուղարկել են Հունգարիա, ընդ որում՝ տանկերի տեսքով: Մենք կխնդրեինք՝ դրանք նորից չուղարկել: Դա անգամ այն ժամանակ լավ գաղափար չէր եւ չգործեց», - նշել է նա՝ նկատի ունենալով «Մարգարիտա» ծրագիրը, որի համաձայն հիտլերյան Գերմանիան 1944թ. շրջափակել էր Հունգարիան: