Սպառողների համար գազի սակագների 1000 խմ դիմաց 95 դոլարով բարձրացումը ոչ միայն արդարացված չէ, այլեւ բացարձակապես անհիմն քայլ է: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, օբյեկտիվ պատճառներով Հայաստանում գազի գինը սպառողների համար պետք է բարձրանար միայն 25 դոլարով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներմուծվող գազի թանկացմամբ: «Այդ դեպքում ինչո՞ւ է 25 դոլարի փոխարեն գազը թանկանում 95 դոլարով: Ինչո՞ւ մենք պետք է 70 դոլար ավելի վճարենք: Իսկ դրա պատճառն այն է, որ „Հայռուսգազարդ“ ընկերությունը որոշել է գերշահույթներ ստանալ: Այդ միջոցները գնալու են ընկերության ղեկավարի ու աշխատակազմի աշխատավարձերի էլ ավելի բարձրացմանը, անհիմն ներդրումների եւ կորուստների ծածկմանը: Եւ այս ամենը գազի որակի օրեցօր վատթարացման ֆոնին»,- նշեց Բագրատյանը:
Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ նախքան այս որոշումն ընդունելը «Հայռուսգազարդն» «անձամբ» է աշխատել նախագահի, վարչապետի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Նախկին վարչապետը նաեւ ընդգծեց, որ գազի սակագների բարձրացումը շղթայական ռեակցիայով բերելու է տրանսպորտի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման: «Կառավարությունը կզսպի գները առավելագույնը եւս 10 ամիս, որից հետո կրկին սակագները կբարձրանան»,- կանխատեսեց նա՝ խոստանալով, որ այդ հարցը կբարձրացվի մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքում:
Անդրադառնալով ջրի սակագների բարձրացման փաստին, Հ. Բագրատյանը կարծիք հայտնեց, որ դա նույնպես չհիմնավորված քայլ էր, քանի որ Հայաստանը խմելու ջրի ավելցուկ ունի: Նրա կարծիքով, Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը պետք է հանգեցնի սոցիալական բողոքի: «Իսկ եթե դա չլինի, նշանակում է, Հայաստանում չեն գտնվել քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ունակ են տանել ժողովրդին իրենց ետեւից»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից սովորական սպառողների համար գազի 1 խմ գինը 96 դրամի փոխարեն հաստատվել է 132 դրամ, իսկ ձեռնարկությունների համար` 1000 խմ դիմաց 243,13 դոլար:



























