Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դեռ ապրիլի 1-ից հայտնի է եղել, որ ռուսական գազի գինը կբարձրանա, եւ դրա ապացույցն այն փաստաթուղթն է, ըստ որի` գազը երկիր է մուտք գործելու բարձրացված գներով արդեն ապրիլի 1-ից: Մինչդեռ հանձնաժողովը հավաստիացնում է, որ այդ մասին հայտնի է դարձել միայն մայիսի 13-ին: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Գոյություն ունի պաշտոնական պայմանագիր, որը վկայում է այդ մասին: Սակայն Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով իշխանությունները չեն հայտնել թանկացման մասին: Այդ ամենը հիմք է տալիս կարծելու, թե իշխանությունները թանկացման մասին գիտեին դեռ նախագահական ընտրություններից առաջ, բայց հասկանալի պատճառներով ժողովրդից թաքցնում էին տեղեկատվությունը»,- նշել է Զուրաբյանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ 2012թ. հոկտեմբերի 24-ին փորձել է կառավարությունից պարզել, արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, թե որոշվել է «Հայռուսգազարդում» կառավարության 20 տոկոս մասնաբաժինը վաճառել 63 մլրդ դրամով, որ գազի գինը մնա 180 դոլարի սահմաններում: «Սակայն աղմուկի պատճառով կառավարությունը հրաժարվեց այդ գաղափարից եւ վճարեց այլ եղանակով: Եւ այն, որ բարձրացման տեղեկությունը կոծկել են, մեքենայություն է, որի համար պետք է պատասխան տան»,- ընդգծել է Զուրաբյանը: