Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ավելի պրագմատիկ է դարձել ԱՊՀ երկրների նկատմամբ: Մայիսի 24-ին կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումները նման օրինակից են: «Դա արտահայտվեց ոչ միայն «Եվրատեսիլի» հարցում, այլեւ ավելի զգալի, օրինակ Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարի հարցում, որը դեկտեմբերի 31-ից որոշվել է փակել: Քաղաքականության խստացում մենք տեսնում ենք եւ Ուկրաինայում, եւ Միջին Ասիայի երկրներում: Մյուս կողմից, Ռուսաստանը սկսել է ակտիվություն դրսեւորել իր տարածաշրջանից դուրս` փորձելով ազդել Սիրիայի իրավիճակի վրա»,- ասել է Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  հայտարարությանը` Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանման ոչ նպատակահարմար լինելու մասին, ըստ Հարությունյանի, այդտեղ հակահայկական տարրեր չկան. «Ստատուս-քվոյի ավարտն ու երկարաժամկետ խաղաղությունն իհարկե ցանկալի են: Այլ հարց, թե ինչպես են պատկերացնում խաղաղությունը հայկական եւ ադրբեջանական կողմերը»: