Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի եւ մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե, հիշեցնելով գյուղացու հոգսը թեթեւացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց եւ այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել:

Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանապարհով լուծելու մտայնությունից, եւ գյուղապետերին կոչ արեց սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլեւ գործնականում օգնել դրանց լուծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գյուղապետերին հուզող այլ հարցեր եւս, որոնց լուծման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Հանդիպումից հետո Վլադիմիր Գասպարյանն առանձնազրույց ունեցավ գյուղապետերի հետ, մանրամասն ծանոթացավ համայնքների հիմնահարցերին եւ պատրաստակամություն հայտնեց օժանդակելու դրանց կարգավորմանը: