Մայիսի 26-ին Շահումյան հրապարակից մեկնարկել է «Ճանաչիր Երեւանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ Ավելի քան 300 հեծանվորդներ, որոնք ներկայացնում են 46 թիմեր, ամբողջ օրը շրջել են Երեւանով, մայրաքաղաքի հայտնի ու անհայտ վայրերով՝ իրենց երթուղին փորձելով վերծանել համապատասխան հանելուկների միջոցով։

Մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Մրցույթ հեծանվավազքի կազմակերպիչների խոսքով՝ այս ծրագրով ցանկանում են ցույց տալ հանրությանը, որ հեծանիվներով հնարավոր է երթեւեկել մայրաքաղաքով, անցնել տեսարժան վայրերով, որ հեծանիվն աստիճանաբար մտնում է մեր առօրյա, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում այլընտրանքային այս տրանսպորտային միջոցից օգտվել։

«Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այս նախաձեռնությանը միացել են բուհերի ուսանողները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ընդհանրապես երիտասարդներ, ովքեր իրենց ընկերներով կազմել են թիմեր ու միացել այս մարզամշակութային միջոցառմանը։

Հայկ Մանթաշյանը ներկայացնում էր SFL թիմը։ Ինքն ամեն օր աշխատանքի է գնում հեծանվով, եւ հույս ունի, որ նման միջոցառումներն էլ ավելի մասսայականություն կբերեն հեծանվային սպորտին, հեծանվային երթեւեկությանը, ինչն ավելի ապահով է եւ առողջարար։

46 թիմերն իրենց երթուղին երեկոյան ավարտել են «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում։ «Փլեյ Սիթիում» անցկացվել է նաեւ թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն, մշակութային ծրագիր։