ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Հենրի Քիսինջերը թվարկել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ներկայիս լարվածության պատճառները. դրանք են Ռուսաստանի ներքին քաղաքական կյանքի ամերիկյան քննադատությունը եւ Կրեմլի պատասխան արձագանքը, ինչպես նաեւ Սիրիան, Իրանը, եւ հակահրթիռային պաշտպանությունը։
«Նմանօրինակ դինամիկան չի համապատասխանում երկրներից եւ ոչ մեկի երկարաժամկետ շահերին։ Անհրաժեշտ է հաղթահարել անցյալի կարծրատիպային մտածելակերպը, ապագա մարտահրավերների սթափ եւ հստակ գնահատականը հրամայականն է», - հայտարարել է վերլուծաբանն «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում, իր 90-ամյակի նախաշեմին։
Քիսինջերը ելնում է փաստից, որ ներկայիս պայմաններում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը «բախվում են նման մարտահրավերների»։ Դրանց թվին նա դասել է «ողջ Եվրոպայով եւ Ասիայով մեկ տարածաշրջանային անվտանգության ամուր կառույցների ստեղծումը, զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը, միջուկային ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային կայունության մարտավարական պահպանումը»։
Քիսինջերը նշել է, որ այս խնդիրներից եւ ոչ մեկին երկու երկրները չեն կարող լուծում տալ ոչ միայնակ, ոչ էլ համատեղ ջանքերով, հիշեցնելով, որ ամերիկյան-ռուսական հարաբերություններն այլեւս չեն սահմանում երկրագնդի աշխարհակարգը, ինչպես դա եղել է «սառը պատերազմի» տարիներին։ Սակայն, նրա համոզմամբ. Մոսկվան եւ Վաշինգթոնը միասին «կարող են առաջատար լինել» միջազգային կյանքի ցանկացած հարցում, «ինչը եւ փորձում են անել այժմ Սիրիայի դեպքում»։
«Ապագայում, իրադարձությունների զարգացումն, ամենայն հավանականությամբ, կստիպի Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին ճանաչել միմյանց մարտավարական ընդհանուր շահերն ու համագործակցել հանուն դրանց»,- ընդգծել է հայտնի վերլուծաբանը։ «Առաջատարության էությունը նախքան համագործակցության ստիպողական դառնալը նմանօրինակ իրադարձությունները կանխատեսելն ու այդպիսի շահերին համապատասխան գործելն է», - ավելացրել է նա։



























