Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեղադրել են պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության մեջ: Մարտի 27-ին Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինն իր հայտարարության մեջ ասել է, որ այն հետաքննելու եւ բացահայտելու հնարավորություն կտան վկա Պյոտր Կորիչենկոյի ցուցմունքները:
«Կորիչենկոն (Յ. Տիմոշենկոյի նախկին խորհրդական) հանդիսանում է այն գործի գլխավոր վկաներից մեկը, որով ԱՄՆ դատարանը Լազարենկոյին դատապարտեց 10 տարվա բանտարկության: Նմանատիպ ցուցմունք նա տվել է նաեւ ուկրաինական դատարանին, Եվգենի Շչերբանի սպանության գործով: Եվ ես կասկածներ չունեմ, որ նա ճիշտն է ասում»,-գրել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Նրա խոսքով՝ Կորիչենկոյի ցուցմունքը հաստատվում է նաեւ այլ քննիչների կողմից ստացված տվյալներով, ովքեր նույնպես զբաղվում են այդ գործով:
Ինչպես հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը, Կուզմինը նաեւ ասել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ստուգում է նաեւ նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի՝ սպանությանը մասնակից լինելու վարկածը:
Մայիսի 15-ին Լազարենկոյի օգնական Պյոտր Կորիչենկոն, ԱՄՆ-ից վիդեո տարբերակով ցուցմունք տալով, Յ. Տիմոշենկոյին եւ Պ. Լազարենկոյին ներկայացրել է որպես սպանության գլխավոր պատվիրատուների: Որոշ ժամանակ անց դադարեցվել է գործի հետաքնությունը եւ Տիմոշենկոյին պաշտոնապես սպանության պատվիրատուի մեղադրանք է առաջադրվել:
Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Շչարբանն սպանվել է 1996 թվականին Դոնեցկի օդանավակայանում:




























