Այսօր՝ մայիսի 27-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայից կարճատեւ ճանաչողական այցով Արցախ ժամանած խորհրդարանականների պատվիրակությանը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը,  Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամներ, Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության եւ ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեն եւ  սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրը։

Զրույցի հիմնական թեման Փարիզում այս տարվա մարտին ստեղծված ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակի իրողությունն էր։ Մասնավորապես, կարծիքներ են փոխանակվել այդ կառույցի հետ համագործակցություն ծավալելու  ուղղությունների շուրջ, ուրվագծվել են դրանց առաջնահերթությունները, առաջիկա անելիքները։ 

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը, Ժաննա Գալստյանը եւ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։