ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պատմել է, որ ողջ աշխարհի առաջատար գործարար շրջանակների ներկայացուցիչները նախատեսում են Պաղեստինի տնտեսության մեջ 4 մլրդ դոլարի ներդրումներ անել՝ աջակցելու համար արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ ջանքերին, գրում է «Պոլիտիկո» պորտալը:

Քերրին այս մասին հայտարարել է Հորդանանում համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների առջեւ ելույթ ունենալիս: Նրա խոսքով՝ այդ ներդրումները կարող են նպաստել ՀՆԱ-ի մինչեւ 50 տոկոսով աճին, ինչի արդյունքում գործազրկությունը կկրճատվի՝ 21 տոկոսից հասնելով 8 տոկոսի: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կողմ են արտահայտվել այդ պլանին, քանի որ տարածաշրջանում ներդրումային ակտիվությունը կնպաստի պաղեստինցիների տնտեսական անկախությանը:

Բացի այդ, այսօր՝ մայիսի 27-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարություն է ստորագրել, ըստ որի Պաղեստինին 10 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրվի: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանը Պաղեստինին 30 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է տրամադրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: