Անգլիայի Գրիմսբի քաղաքում հրդեհել են մզկիթը: Անհայտ անձինք այրվող հեղումով շշեր են նետել մզկիթի վրա այն ժամանակ, երբ իմամն ու հավատացյալները ներսում են եղել:

Մարդիկ սկզբում փորձել են կրակների միջով դուրս գալ այրվող շենքից, սակայն հետո որոշել են օգտվել կրակմարիչներից եւ կարողացել են մարել կրակը, հաղորդում է Sky News-ը: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու:

Չարագործներին չի կանգնեցրել նույնիսկ այն, որ տեղի ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել Գրիմսբիի մահմեդական մշակութային կենտրոնը, որն արդեն տարիներ շարունակ հարձակումների առարկա է դառնում: Մայիսի 23-ին, նույն օրը, երբ Բրիտանիան ցնցվեց Լոնդոնի կենտրոնում ֆանատիկների կողմից զինվորի գազանային սպանության լուրից, Գրիմսբիի մզկիթի պատուհանները կոտրել էին: Այդ ժամանակ ձերբակալվել էր 11 դեռահաս:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին ժամանակներս ոստիկաններն առավել ուշադիր են հետեւում սոցիալական ցանցերին: Նրանք կանխում են բռնություն եւ ռասիստական կոչեր պարունակող գրությունների հրապարակումը, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Լոնդոնի Վուլվիչի շրջանում սեւամորթ տղամարդիկ հարվածել են բրիտանացուն, հանել դանակներն ու կացինը եւ հենց փողոցում սկսել են կտրատել նրա մարմինը: Նրանք անցորդներին բացատրել են, որ վրեժ են լուծում սպանված մահմեդականների համար: