Մայիսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել  ԼՂՀ ԱԺ պատգամավորական կազմի հանդիպումը նախօրյակին կարճատեւ ճանաչողական այցով Ֆրանսիայից Արցախ ժամանած խորհրդարանականների պատվիրակության հետ։

Հյուրերի թվում են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը,  Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամներ, Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության եւ ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեն եւ  սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրը։

Պատվիրակությանն ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։ 

Հանդիպմանը, բացի ԱԺ պատգամավորներից, ներկա էին գերագույն դատարանի դատավորներ, կառավարության անդամներ, արտգործնախարարության պատասխանատու աշխատակիցներ, քաղաքական եւ հանրային ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Հանդիպումը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

ԼՂՀ իշխանությունների եւ, որպես հյուրընկալ, Արցախի Ազգային ժողովի անունից ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության օրենսդիր մարմնի անդամներին ու նրանց ուղեկցող անձանց, խորհրդարանի նախագահը կարեւորեց  Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչների, Խորհրդարանի պատգամավորների եւ սենատորների՝ Փարիզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու նախաձեռնությունը։  Մենք, նշեց նա, ուրախությամբ ընդունեցինք նախաձեռնող խմբի հատուկ հայտարարությունը, որում, բարձր գնահատելով ԼՂՀ ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական ջանքերը՝ ուղղված ազատ եւ ժողովրդավարական հասարակության կերտմանը, կոչ էր  արվում վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը եւ աջակցություն հայտնվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Ֆրանսիայում ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը  բխում է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ու համագործակցության բազմադարյա պատմությունից, բայց, որ պակաս կարեւոր չէ, նաեւ միտված է կոնկրետացնելու եւ ուղղորդելու ապագա փոխգործակցությունը։

Նշելով, որ վերջին տարիներին ֆրանսիացի եւ արցախցի խորհրդարանականները՝ հին ու հավատարիմ բարեկամների իրավունքով արդեն քանի անգամ հանդիպումներ են ունենում այստեղ՝ Արցախում ու Ֆրանսիայում, ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այդ հանդիպումներն ունեն ճանաչողական եւ բարոյական մեծ նշանակություն, մանավանդ, արցախցիների համար։ Հաճելի է գիտակցել, ասաց նա, որ այդ ամենն անխախտ ավանդույթի է վերածվում եւ, հետեւապես, բոլոր հիմքերն ունի նոր զարգացումներ ապրելու համար։

Խոսքի ավարտին անդրադառնալով Ֆրանսիայի համանախագահությանը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԱԺ նախագահը շեշտեց, որ Արցախում մեծապես կարեւորում են Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ «Մենք այն համոզմունքն ունենք, որ հին աշխարհի ազատության մունետիկ հանդիսացող Ֆրանսիան  ըմբռնումով է մոտենում Արցախի ժողովրդի՝ ինքնիշխան պետություն կառուցելու ձգտմանը»,- ընդգծեց Աշոտ Ղուլյանը։

Հանդիպմանը ելույթներով հանդես եկան նաեւ ֆրանսիացի խորհրդարանականները։

Դիմելով արցախցի իր գործընկերներին, սենատոր Անրի դը Ռենկուրը որպես խիզախություն  գնահատեց օրենսդիր մարմնի պատգամավորի մանդատ ունենալու նրանց որոշումը՝ նկատի առնելով, որ նրանք, նախապես քաջատեղյակ լինելով երկրի դժվարին պայմաններին, այնուամենայնիվ, խիզախել են գնալ նման քայլի եւ վճռական կամքով երկիրն առաջ են տանում ժողովրդավարական զարգացման ուղիով։ Նշելով, որ ի տարբերություն իր գործընկերների, ինքն  առաջին անգամն է այցելում Լեռնային Ղարաբաղ, նա  ասաց. «Կարճ ժամանակ է, ինչ ինքս ինձ համար հայտնագործում եմ ձեր երկիրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ կարող եմ ասել, որ միայն ու միայն հիացմունք է հարուցում այն ամենը, ինչին ականատես եմ՝ մեր անցած ճանապարհին եւ այստեղ՝ Ստեփանակերտում գտնվելու  մի քանի ժամվա ընթացքում։ Անձամբ ինձ համար մեկեն ակնհայտ ու հստակ դարձավ ձեր ժողովրդի հաստատակամությունը՝ կառուցել իր խաղաղ ապագան։

Դուք նախընտրել եք խաղաղության եւ երկխոսության պայմաններում կառուցել ձեր երկրի ապագան, ինչը, հավատացեք, հատուկ է միայն ուժեղ ժողովուրդներին»։   Սենատորի գնահատմամբ՝   այդ ռազմավարությունը լավագույնն է, ինչը ղարաբաղցիներին հնարավորություն կտա հասնել առաջադրված նպատակին։ Ինչ վերաբերում է մեզ, ասաց նա, մեր համեստ հնարավորությունների սահմաններում միշտ ձեր կողքին կլինենք, որպեսզի  աջակցենք ձեզ, քանզի այս ճանապարհը լավագույնն է ոչ միայն ձեր երկրի, այլեւ  ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար։

Խոսքի ավարտին ֆրանսիացի խորհրդարանականը հարգանք ու խոնարհում արտահայտեց բոլոր նրանց առջեւ, ովքեր, պայքարի ելնելով հանուն  հայրենի երկրի ազատության ու խաղաղության, իրենց կյանքն են զոհաբերել եւ բազում զրկանքներ կրել։ «Թույլ տվեք բարեմաղթանքներս ուղղել ձեզ, ձեր ընտանիքներին, ցանկալ, որ դուք հասնեք վերջնական ազատության, որին դուք իրապես արժանի եք»,- ասաց սենատոր Անրի դը Ռենկուրը։

Հայտնելով, որ առաջին անգամ Արցախ է այցելել քսան տարի առաջ՝ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ միասին, սենատոր Բեռնար Սոժեն իր հերթին նշեց, որ ինքն այսօր՝ քսան տարի անց, նույն երկիրը չի վերագտնում։ Այն ժամանակ Արցախը պատերազմի մեջ էր, ասաց նա, ճանապարհը, որ ձեր երկիրը կապում է Հայաստանին, ամենեւին ասֆալտապատ չէր, եւ իրոք, էքսպեդիցիայի նման էր Արցախ այցելելը, եւ այսօր՝ այս կարճ ժամանակամիջոցում, որ մենք անց ենք կացնում Արցախում, կարող եմ ասել, որ առնվազն արտաքուստ այն բավական կայուն պետություն է, որը կարողացել է վերջին շրջանում մեծ քայլերով զարգանալ։ Անդրադառնալով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, նա նշեց, որ այդ փաստաթղթի 1-ին հոդվածում ամրագրված է, թե մարդիկ ծնվում են ազատ եւ հավասար իրավունքներով։ «Ձեր ջանքերի, ձեր կամքի եւ ձեր գործունեության շնորհիվ դուք ապահովել եք ձեր ազատությունը»,- ասաց սենատորը։ «Բայց ես կարծում եմ, որ չի ապահովված նույն այդ հոդվածի երկրորդ մասը. դուք հավասար իրավունքներ չունեք, համենայն դեպս՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Բայց ես վստահ եմ, որ ձեր տաղանդի եւ ձեր աշխատասիրության շնորհիվ կապահովվի նաեւ  այդ մասը, եւ դուք միջազգային իրավունքի տեսակետից կունենաք այլ պետություններին համահավասար իրավունքներ»։ Սենատորի հավաստմամբ՝ իրենց այցի իմաստը կայանում է նաեւ նրանում, որ կարողանան Արցախին աջակցել համահավասար իրավունքների ձեռքբերման այդ ճանապարհին։ «Այդ ճանապարհը հաղթահարելիս մենք միշտ ձեր կողքին կլինենք»,- հավաստեց  Բեռնար Սոժեն, խոսքի ավարտին հայերեն հայտարարելով՝  «Կեցցե բարեկամությունը»։

«Ամենայն անկեղծությամբ է, որ պիտի ասեմ. իմ սիրտը մի քիչ հայացել է, բայց վերջին տարիներին ավելի շատ ղարաբաղցիացել է»։ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի այս խոսքերը հանդիպման մասնակիցները դիմավորեցին բուռն ծափահարություններով։  Խորհրդարանականի հավաստմամբ՝ Արցախում տեղի ունեցող փոփոխությունները զարմանալիորեն արագընթաց են։ «Ընդամենն անցյալ տարվա սեպտեմբերին եմ վերջին անգամ  եղել Արցախում, եւ սեպտեմբերից մինչ այսօր ձեր երկիրը, կարելի է ասել, ամբողջովին փոխվել է»,- նշեց նա։   Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես իր խոսքում հարգանքի տուրք մատուցեց, իր իսկ խոսքով՝ «այն երիտասարդներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի Արցախը լինի խաղաղ եւ ազատ»։ Ես, ասաց նա, իհարկե, հասկանում եմ, որ չի կարող լինել խաղաղություն՝ առանց ազատության, եւ այդ ազատության եւ խաղաղության համար մենք պարտական ենք բոլոր այն կանանց ու  տղամարդկանց, ովքեր մերժեցին բռնապետությունը եւ պայքարի ելան՝ առ այսօր շարունակելով այն։

Ֆրանսիացի խորհրդարանականի դիտարկմամբ՝ այսօր տեսանելի է, որ Արցախը ճիշտ ուղու վրա է, առկա է տնտեսական աճ, չնայած այդ առումով որոշակի դժվարություններ կան ողջ աշխարհում։

Խոսելով ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակի գործունեության մասին, ֆրանսիացի պատգամավորը հավաստեց, որ այն տարեցտարի կհամալրվի նոր անդամներով։ Մենք, ասաց նա,  ձգտում ենք այդ Շրջանակի մեջ ներառել նորանոր խորհրդարանականների, որպեսզի նրանք եւս, այցելելով Արցախ, իրենց հերթին հայտնագործեն ձեր երկիրը։

Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես խոսքն ավարտեց հայերեն կոչով. «Կեցցե Ֆրանսիա-Ղարաբաղյան բարեկամությունը»։   

Ամփոփելով միջոցառումը, ԱԺ նախագահը Ֆրանսիացի խորհրդարանականներին շնորհակալություն հայտնեց հետաքրքիր հանդիպման, արտահայտած ջերմ խոսքերի եւ ուշագրավ գաղափարների համար։ «Արցախում մենք բոլորս՝ ժողովուրդը եւ իշխանությունները,  ուրախ կլինենք նորից ու նորից հյուրընկալել մեր  բարեկամներին, այստեղ՝ ղարաբաղյան հողում»,- հավաստեց Աշոտ Ղուլյանը։