Իսպանիայում գտել են հոլանդացի կորած վոլեյբոլիստուհի 36-ամյա  Ինգրիդ Վիսսերի եւ նրա 57-ամյա զուգընկեր Լոդեւեյք Սեւերինի մարմինները։ Դիակները գտնվել են մայիսի 26-ին՝ Մուրսիա քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում։ Դրանք կիսով չափ թաղված են եղել կիտրոնի ծառերի պարտեզում։

RTVE-ի անանուն աղբյուրների համաձայն՝ զբոսաշրջիկների անհետացման փաստով կալանավորվել է երկու մարդ։ Պաշտոնական տվյալով՝ ձերբակալվածներից մեկն իսպանիայի քաղաքացի է։ Հոլանդական RTL հրատարակչությունը, վկայակոչելով Իսպանիայի ոստիկանությանը, հայտնում է այս գործով մեկ իսպանացու եւ Ռումինիայի 47 եւ 60 տարեկան երկու քաղաքացիների ձերբակալության մասին։

Հոլանդացիների մահվան պատճառներն ու հանցագործության շարժառիթներն առայժմ անհայտ են, գրում է lenta.ru-ն։ Միաժամանակ ՆՏՎ-ն հայտնում է, որ ամուսիններին սպանել են կողոպտելու նպատակով։

Վիսսերին ու ուղեկցին վերջին անգամ տեսել էին մայիսի 13-ին Մուրսիա քաղաքի հյուրանոցում, որտեղ համար էին պատվիրել։ Մայիսի 14-ի առավոտյան նրանք հերթագրվել էին կլինիկայում, որտեղ արհեստական բեղմնավորման վիրահատություններ են կատարում։ Հարազատները զույգի անհետացման մասին ոստիկանությանը հայտնել են միայն մայիսի 15-ին, քանի որ այդ օրը զբոսաշրջիկները պետք է վերադառնային Ամստերդամ։

Ինգրիդ Վիսսերը Հոլանդիայի վոլեյբոլի ազգային հավաքականի անդամ էր։ 2008-09թթ. նա խաղում էր ռուսական «Լենինգրադկա» ակումբում, իսկ  2009- 2011թթ.՝ իպանական Murcia 2005 ակումբում։ Սեւերինը երկար տարիներ Նիդեռլանդների վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մենեջեր էր աշխատել։