Հայաստանի մշակույթի  նախարարության հրավերով՝ մայիսի 27-29-ին, Հայաստանում են  Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաեւ Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը:  

Նախարարությունում մայիսի 27-ին կայացած հանդիպմանը  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է գործընկերոջն այցի կապակցությամբ եւ նշել, որ հայ-չեխական մշակութային հարաբերությունները գտնվում են պատշաճ մակարդակի վրա եւ առաջիկայում այն կունենա իր արժանի շարունակությունը:

Հ. Պողոսյանը կարեւորել է 2010 թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չեխիայի Հանրապետության Կառավարության միջեւ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Երկկողմ համագործակցություն շրջանակում  Հայաստանի ստեղծագործական խմբերը եւ անհատ կատարողները պարբերաբար մասնակցել են Չեխիայում կայացած միջազգային մրցույթներին եւ փառատոներին:  Ուշագրավ է Հայաստանի մանկական կամերային նվագախմբի մասնակցությունը Պրահայի «Աշնանային հեքիաթներ» միջազգային փառատոնին, որտեղ հայ շնորհալիներն  արժանացել են գլխավոր՝ Գրան պրի եւ «Գործիքային դասական երաժշտություն» անվանակարգում առաջին մրցանակների: Հայաստանը  փայլուն մասնակցություն է ունեցել նաեւ «Պրահայի Քվադրինալե» փառատոն-ցուցահանդեսին,  որն անցկացվում է 1967 թվականից եւ բեմական ձեւավորման ոլորտում աշխարհի լավագույն միջազգային իրադարձություններից է: Նախարարն ուրախությամբ նշել է նաեւ, որ հայ երեխաները պարբերաբար մասնակցել են «Լիդիցե»-ի մանկական գեղանկարչության միջազգային մրցույթ-ցուցահանդեսին եւ արժանացել պատվավոր մրցանակների: Զրույցի ընթացքում Հ. Պողոսյանը կարեւորել է Չեխիայի ստեղծագործական խմբերի եւ անհատ կատարողների մասնակցությունը Հայաստանում անցկացվող «ՀայՖեստ» թատերական միջազգային փառատոնին եւ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին, իսկ մշակութային տեղեկատվության ոլորտում՝ Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրի դերը, որի տպագրմանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են փոխհամագործակցության հետագա զարգացման խնդիրներ եւ ապագա համատեղ ծրագրերի իրականացման հարցեր՝ թատրոնի /երիտասարդների համատեղ բեմադրության/, կինոյի, ժամանակակից արվեստի, գրական-թարգմանական, մանկական ծրագրերի իրականացման ուղղությամբ: 

Հանդիպման վերջում ստորագրվել է «Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների միջեւ 2013-2015 թթ.  համագործակցության պայմանագիր»:

Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան  Զարգարյանը եւ Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը: Համագործակցության շրջանակներում կիրականացվեն`

• «Հայ գիրքը Չեխիայում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ հայ հեղինակների եւ Հայաստանի վերաբերյալ գրքերի թարգմանություններ:

• «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ չեխ հեղինակների թարգմանությունները, Չեխիայի եւ նրա պատմական տարածքների վերաբերյալ հրատարակություններ:

• Համատեղ ցուցահանդեսների կազմակերպում. յուրաքանչյուր ցուցահանդեսի համար կկնքվի առանձին պայմանագիր:

• Հայ հնատիպ (1512-1800 թթ.) եւ վաղ շրջանի (1801-1920թթ.) գրքերի թվային պատճենների փոխանակում, որոնք առկա չեն Հայաստանի գրադարաններում:

• Աշխատակիցների փոխայցեր։

• Փորձի եւ գիտելիքների փոխանակում հետեւյալ բնագավառներում.

ա/ գրադարանային հավաքածուների պահպանում եւ վերականգնում,

բ/ թվային գրադարաններ: