Երեւանում, այսօր՝ մայիսի 27-ին, տեղի է ունեցել գերմանական կրթաթոշակների շնորհման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը կրթաթոշակակիրներին DAAD-ի վկայագրեր է շնորհել:
Հիշեցնենք, որ դեռեւս 1860թ. սկսած հայ գիտնականները, հետազոտողները, ուսանողները կրթություն են ստացել Գերմանիայում եւ առաջին անգամ այնտեղ հիմնադրել արտասահմանյան ուսանողական միավորում` «Հայկական ակադեմիական միավորում Գերմանիայում» անվանումով, որի պատվավոր անդամների շարքում էին Ավետիք Իսահակյանը, Դրոն, Նժդեհը եւ այլոք:
Այսօր եւս այդ ավանդույթը պահպանում է իր ուժը: Գերմանական տարբեր դրամաշնորհային ծրագրերի կողմից հայ բուհավարտներին, ասպիրանտներին, հետազոտողներներին, գիտնականներին շնորհվել են ավելի քան 250 կրթաթոշակ: Դրանցից 102-ը միայն DAAD-ի կողմից:
Անկախացումից ի վեր ավելի քան 2200 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:
Գերմանական բուհերն անգլերենով առաջարկում են ավելի քան 100 միջազգային բակալավրի դասընթացներ, 650 մագիստրոսական եւ մոտ 300 ասպիրանտական դասընթացներ:



























