Այսօր՝ մայիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի:

Հանդիպման սկզբում մշակույթի փոխնախարարը Գարեգին Բ-ին ներկայացրել է Հայաստանի եւ Չեխիայի մշակույթի նախարարությունների միջեւ 2010 թ.-ին ստորագրված համաձայանագրի գործնական արդյունքներն ու ներկայումս ձեռնարկվող համատեղ ծրագրերը:

Ողջունելով Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի այցը Հայաստան` Գարեգին Բ-ն վստահություն է հայտնել, որ մշակույթի նախարարությունների միջեւ ձեւավորված համագործակցությունը դրական արդյունքներ է արձանագրում:  Նա գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների հարաբերությունները թե՛ քաղաքական եւ թե՛ մշակութային ոլորտներում ընդարձակվում, զորանում եւ առավել լայն ընդգրկում են ստանում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Չեխիայի հայկական համայնքին: Այս առնչությամբ Կաթողիկոսն, ի դեմս տիկին Ալենա Հանակովայի, իր շնորհակալությունն է հայտնել Չեխիայի իշխանություններին` հայերի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Գարեգին Բ-ն վստահություն է հայտնլ, որ նորակազմ հայկական համայնքն իր դրական ներդրումը կբերի Չեխիայի հասարակական եւ մշակութային կյանքի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ միջմշակութային շփումների ու փորձի փոխանակման անհրաժեշտությանը, հասարակական կյանքում քրիստոնեական հավատի ու արժէքների կարեւոր դերակատարությանը, Եկեղեցի-պետություն հարաբերություններին: