ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում իր մեքենայից այլ մեքենաների վրա կրակ բացած տղամարդը ծառայության մեջ գտնվող ծովային հետեւակ է: Ըստ իշխանությունների հայտարարության` հրաձիգը Էստեբան Սմիթն է: 23-ամյա տղամարդը ծառայում է Հյուսիսային Կարոլինայի Լեժեն ռազմակայանում:
Սմիթը ոստիկանության կողմից հետախուզվում էր Ջեքսոնվիլ քաղաքում սպանությանն ունեցած հանցակցության համար: Ներկայումս քննվում է այդ սպանության եւ Թեքսասի հրաձգության միջեւ եղած հնարավոր կապը, հայտնում է AP-ն:
The Guardian Express-ին վկայակոչելով` gazeta.ru-ն հայտնում է, որ Լեժենի ռազմակայանից 32 կմ հեռու գտնվող Ջեքսոնվիլ քաղաքի հյուրանոցում հայտնաբերվել էր մի կնոջ դիակ: Լեժենի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Սմիթը երկու միջադեպերի հետ էլ կապ ունի: Երկրորդ հանցագործության մանրամասները նա չի հայտնել:
Էստեբան Սմիթը Թեքսասում մեքենաների վրա կրակել էր մայիսի 26-ի առավոտյան: Դրանից երկու ժամ առաջ նա սպանել էր մի կնոջ եւ վիրավորել եւս հինգ մարդու: Ավելի ուշ նա փոխհրաձգություն էր սկսել ոստիկանների հետ եւ սպանվել: Սմիթի մեքենայում ոստիկանները հայտնաբերել էին հրացան, ատրճանակ եւ հարյուրավոր փամփուշտներ:




























