Չիլիի եւ Արգենտինայի իշխանությունները Կոպաուե հրաբխի շրջակայքում բնակվող մոտ երեք հազար մարդու են տարհանել: Հայտարարվել է վտանգի բարձրագույն` «կարմիր» աստիճան, հայտնում են արգենտինական լրատվամիջոցները:
Հրաբուխը տեղակայված է Բիո-Բիո շրջանում` Չիլիի կենտրոնական հատվածում, արգենտինական Նեուկեն նահանգի սահմանին:
Հրաբուխի ակտիվությանը հետեւող փորձագետները հայտնել են, որ ժայթքումը կարող է սկսվել ցանկացած պահի, հայտնել է Չիլիի ՆԳ նախարար Անդրես Չադվիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չիլիում տարհանումը պարտադիր բնույթ է կրում: Արգենտինական տարածքում տարհանումը կանխարգելիչ բնույթ ունի: Հետաձգվել են դպրոցի դասերը եւ մանկական միջոցառումները:
Ըստ Չիլիի Ազգային երկրաբանական ծառայության` վերջին երկու օրերին հրաբխի շրջանում «զգալիորեն» աճել է սեյսմիկ ակտիվությունը: Ժայթքման դեպքում հետեւանքները կարող են զգացվել մինչեւ 15 կմ շառավղով:
2997մ բարձրությամբ Կոպաուե հրաբուխը գտնվում է Չիլիի մայրաքաղաքից 570 կմ դեպի հարավ: Հրաբխի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերին:




























