Բաղդադում եւ նրա մերձակայքում մայիսի 27-ին զանգվածային ահաբեկչության զոհ է դարձել 82 մարդ, 130-ից ավելին վիրավորվել են: Իսլամական-ծայրահեղական խմբավորումներից դեռ ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Քաղաքի տարբեր թաղամասերում ահաբեկիչները պայթեցրել են 14 ականապատ մեքենա: Այդ ամենը տեղի է ունեցել բանուկ թաղամասերում, շուկաներում եւ առեւտրայի փողոցներում, խանութների եւ մեքենաների սրահների մոտ: Ոստիկաններին հաջողվել է ժամանակին վնասազերծել եւս երկու ականապատ մեքենա` կանխելով նոր ահաբեկչությունները:
Պայթյունները տեղի են ունեցել Բաղդադի այն թաղամասերում, որտեղ հիմնականում շիաներ են ապրում: «Էխո Մոսկվին» նշում է, որ փորձագետների կարծիքով` Իրաքն իսկական միջկրոնական պատերազմի շեմին է կանգնած:
Այս տարվա ընթացքում սա առաջին ահաբեկչությունը չէր Իրաքում: Միայն մայիսի սկզբից ի վեր ահաբեկիչների պատճառով զոհվել է ավելի քան 400 բնակիչ:




























